ՔԿՀ-ներում քվեարկությանը մասնակցել է 728 կալանավորված անձ
ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 18:00-ի դրությամբ քվեարկել է 728 կալանավորված անձ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում տեղակայված 8 ընտրատեղամասերում ընթացող քվեարկության արդյունքները:
«Ընտրելու իրավունք ունի 958 կալանավոր անձ: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որտեղ ընտրատեղամասը բացվել է 11:00-ին, քվեարկությանը մասնակցել է 545 կալանավոր»,- ասաց Ղլեչյանը` հավելելով, որ քվեարկությունը դեռ ընթանում է. միջադեպեր չեն գրանցվել:
Դեկտեմբերին 6-ին ընթանում է ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ժամը 8-ի դրությամբ Հայաստանում բացվել ու բնականոն քվեարկություն է ընթանում 1989 ընտրական տեղամասերում:
Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում, որոնցից մեկը կբացվի 11:00-ին, մյուսները` 17:00-ին:
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն:
Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 5 հազար 333 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 39.17 տոկոսը: