Քննարկվել են գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր
Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի կլոր սեղանների շրջանակում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղություններով գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր: Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երեւանում զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Սանկտ Պետերբուրգի գործընկերները, կիսվելով փորձով, ներկայացրել են իրենց կողմից տարվող աշխատանքները: Հանդիպում-քննարկման ընթացքում կարեւորվել են զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ապահովումը, քաղաքների մատչելիությունը, <<Անվտանգ քաղաք>> ծրագրի եւ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներդրումը, ինչպես նաեւ հյուրանոցային բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր՝ քաղաքաշինական տեսանկյունից: Աշխատանքային մյուս խմբում քննարկվել են Երեւանում եւ Սանկտ Պետերբուրգում ներդրումային դաշտի ընդլայնման հետ կապված հարցեր:
