ՔՆՆՉԱԿԱՆ ԾԻԾԱՂԵԼԻ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Քննչական ծիծաղելի աճպարարությունը. Կարդում եմ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի միջև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կատարված դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչը որոշումը և շատ տարօրինակ հանգամանքներ բացահայտում: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա նաեւ նշել է. «Պարզվում է, որ ՊՊԾ բոլոր այն ծառայողները, որոնք եղել են դեպքի ականատեսներ, իրենց բացատրություններում հստակ նշել են, որ կատարվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն:
Առանց որևէ բացառության բոլոր ՊՊԾ ծառայողներն իրենց բացատրություններում պնդում են, որ կոնկրետ ծառայակիցը փակել է տեսախցիկի օբյեկտիվը, որպեսզի հնարավոր չլինի նկարահանել և լուսաբանել իրադարձությունը (ՊՊԾ պետի գործունեությունը): Բացի դրանից նրանք պնդում են, որ փորձել են հեռացնել լրագրողին դեպքի վայրից, սակայն լրագրողը և օպերատորն այդպես էլ չեն հեռացել: Կարդում ես ու մտածում, թե լավ, բա էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ արարքը դառնա լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում:
Այս ամենից հետո քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել: Շուտով բողոքը պատրաստ կլինի և կտեսնենք, թե դատախազությունում մնացե՞լ է արդյոք մասնագիտական արժանապատվությունը:
Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ»։