Քննչական կոմիտեն՝ 10-ամյա երեխայի մահվան պատճառների մասին
ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 10-ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. հայտնում ենք, որ նախաքննական մարմինն այս պահին քրեական գործով նման տեղեկատվության չի տիրապետում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք, հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել իրավասու մարմիններից:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քրեական գործի վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն: