Քննիչի եւ փաստաբանի կողմից կաշառք վերցնելու գործով առաջին նիստի օրը հայտնի է. news.am
Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով առաջին նիստը նշանակվել է հունվարի 8-ին:
Այս գործով դատավորը Մեսրոպ Մակյանն է, այն կքննվի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ
Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:
Նշենք, որ գործից անջատվել է Բունիաթ Եղիազարյանի մասն ու նախաքննությունը շարունակվում է: