Քննիչը համոզել է ցուցմունք տալ, թե ծեծել է կնոջը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել Երեւանի բնակիչ Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող` Երեւան քաղաքում գործող խանութից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանները իրենից պահանջել են գողության դեպքով բողոք չներկայացնել` հայտնելով, որ տվյալ արարքը կատարած անձինք զբաղվում են մանր գողություններ կատարելով, եւ նույնիսկ բողոքելու դեպքում նրանք չեն կարող դատապարտվել ազատազրկման:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ի. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս դատական նիստի ժամանակ հայտնել է, որ կնոջը ծեծի չի ենթարկել, այլ նման բովանդակությամբ ցուցմունք տալուն հորդորել է վարույթն իրականացրած քննիչը, ով խոստանալով իրեն քրեական պատասխանատվության չենթարկել` համոզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ, թե իբր մի քանի հարվածներ է հասցրել կնոջը: