Քոչարյանի խցում եղել եմ մեկ անգամ, ոչնչով չառանձնացող, սովորական խուց է. Արման Թաթոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների, գույքի, կենսաթոշակի վրա արգելանքների հետ կապված, ընտանիքի հետ տեսակցությունների հարցերը զեկույցում արտահատված են․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ գործն արդեն դատարան է ուղարկված, եւ այս փուլում զգալիորեն նվազել է ՄԻ պաշտպանի իրավասությունը։ «Հատուկ նշեմ այն, ինչ զեկույցում է ներկայացված, որ ձեռնպահ մնալով ընթացիկ գործով գնահատականներ տալուց՝ այդուհանդերձ կարծում եմ՝ հանրային վստահության բաղադրիչ ունեցող գործերով պետությունը շատ ավելի մեծ բեռ է ստանձնում՝ ապահովելու իրավունքի գերակայությունը, նաեւ այդտեղ կարեւորել եմ հանրային հաշվետվողականության բարձր աստիճանը, որ հանրային վստահության բաղադրիչի հարցն իրացվի»,-ասաց նա։
ՄԻ պաշտպանն ասաց, որ նաեւ իրենց համատեղ աշխատանքի շնորհիվ մի քանի հարցեր են լուծում ստացել, մասնավորապես, էլեկտրոնային միջոցի հետ կապված հարցը, ընտանիքի հետ տեսակցության հարցը։ «Մինչեւ այդ վստահաբար միջամտել ենք, կենսաթոշակի վրա արգելանք էր դրված, նաեւ մեր միջամտությամբ հանվել է»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին, Արման Թաթոյանն ասաց, որ նա ՔԿՀ-ների ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ երբեք իրեն չի ներկայացրել։
ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ Քոչարյանի խցում մեկ անգամ է եղել, բայց այցեր իրականացրել է մի քանի անգամ. «Սովորական խուց է՝ առանձնահատուկ պայմաններ չունեցող»: