Քրեական հեղինակություն Չուգունի սպանության գործով հարցաքննվել է Աբրահամ Մանուկյանի որդին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, Քանաքեռում «Չուգուն» մականունով Արթուր Հովհաննիսյանի սպանության գործով կանչվել է հարցաքննության: Ինչպես Աբրահամ Մանուկյանը մեզ հայտնեց՝ «Տեսել են, որ կասկածներն անհիմն են, բաց են թողել»:
Հուլիսի 15-ին Հովհաննիսյանի՝ իր շենքի բակում կատարված սպանության վարկածներից մեկը, ինչպես հայտնի է, կապվում է ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու` Արթուր Մանուկյանի անվան հետ: Ասում են՝ երիտասարդները դեպքից օրեր առաջ կոնֆլիկտ են ունեցել: Աբրահամ Մանուկյանը մեզ հետ զրույցում «աբսուրդ» էր համարել շրջանառվող վարկածը եւ վրդովվել էր այն հարցից, թե սպանվածի հետ իր որդին քավոր-սանիկական հարաբերությունների մե՞ջ է: Իսկ դեպքի օրը նրա երկու որդիներն էլ գտնվել էին հիվանդանոցում՝ Հովհաննիսյանի մոտ, ինչպես նաեւ հանգուցյալի տանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ եւ 235-րդ հոդվածների առաջին մասերով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: