Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր երկրորդ անգամ հետաձգվեց «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:
Պատճառն այս անգամ այն էր, որ դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ):
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն են քրեական հեղինակություններ Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամ մականունով), Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան) եւ Արմեն Գասպարյանը (Բդոն): Այսօր դատարան էին բերվել այս գործով ամբաստանյալներից երկուսը՝ Չարբախցի Գեղամն ու Բդոն:
Սույն գործը քննվում է ապակեպատ նիստերի դահլիճում, որտեղ ինչպես հայտնի է լսելի չէ դատավարության մասնակիցների ձայները: Ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար միայն լսելի դարձավ, որ Նորատուսցի Ալիկն օգոստոսի 28-ին տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ապա՝ «Աստղիկ» ԲԿ:
Մի քանի լրագրողների հետ զրույցում Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, հնարավոր է անգամ վիրահատվի: Համաձայն «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժշկի տված տեղեկանքի՝ Բանդուրյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստերին, սակայն թե ինչո՞ւ հնարավոր չի եղել նրան ներկայացնել դատարան, դատարանին հայտնի չէ: Պաշտպանի խոսքով՝ Բանդուրյանն այս պահին էլ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:
Դատարանը որոշում կայացրեց հերթական անգամ գրություն ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ճշտելու, թե ո՞րն է Բանդուրյանին դատարան չներկայացնելու պատճառը` միաժամանակ հաջորդ դատական նիստին ապահովելով նրա ներկայությունը:
Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաեւ Մուշեղ Մուշեղյանը:
մանրամասները՝armintes.com-ում: