Քրեական հեղինակությունների հոգեհանգստի արարողակարգին ներկա էին մեծ թվով մարդիկ.
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ Նորագավիթի Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի ունեցավ 2 օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանված Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի՝ Դերոյի, եւ Մեսրոպ Նազարյանցի՝ Մանումենտցի Մոսոյի հոգեհանգստի արարողությունը:
Նշենք, որ քրեական հեղինակությունների հոգեհանգստի արարողակարգին ներկա էին մեծ թվով մարդիկ: Արարողությունից ժամեր առաջ արդեն իսկ նշված տարածքում անծայրածիր խցանումներ էին առաջացել: Մեր տեղեկություններով՝ հոգեհանգստին մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ում անունը կապվում է Երրորդմասցի Լյովիկի հետ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վարչապետի որդին եւ Երրորդմասցի Լյովիկը մտերիմ ընկերներ են եղել, անգամ համատեղ բիզնես ունեին: Armlur.am-ի թղթակիցը նկատել է այնտեղ ներկա գտնվող մեկ այլ պաշտոնյայի՝ Դավիթ Ղուլյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն էր, այժմ՝ արդարադատության նախարարի խորհրդականը: Համացանցում լուրեր շրջանառվեցին, որ հոգեհանգստին մասնակցել են նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Իհարկե, հասկանալի է, որ վերը նշվածներից բացի՝ բազմաթիվ այլ պաշտոնյաներ եւս մասնակցել են քրեական հեղինակությունների հոգեհանգստի արարողությանը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
