Քուչակցի կինն ահազանգում է՝ բարակ, թեք ասֆալտը վնասում է իր առանձնատունը
«Ասֆալտը թեք են արել։ Ջուրը լրիվ լցվում է մեր տան տակ։ Հիմա իմ տան պատերը լրիվ ուռել են, թափվում են տան մեջ»,-«Առավոտին» ահազանգում է Քուչակ գյուղի 12-րդ փողոցի բնակիչ Կարինե Ծատրյանը։ «Մեր տան դիմաց գտնվող ճանապարհն ասֆալտապատել են։ Մենք գնացինք համայնքապետարան՝ ճշտելու ասֆալտի հաստությունը։ Համայնքապետն ասաց, որ պետք է 8 սմ լինի։ Պրոյեկտ կազմողը, որը եկել էր ստուգելու, քանի որ մենք դիմել էինք ոստիկանություն, ասաց, որ համայնքապետը սխալվել է, պրոյեկտում 5 սմ է գրված։ Մենք չափում ենք, տեսնում, որ ասֆալտը 3 սմ է», – մանրամասնում է Քուչակի բնակիչը։ Նոր ասֆալտապատումը 2024-ին է ավարտվել։ Երբ աշխատանքները պետք է սկսեին, այդ ժամանակ Կարինեն ամուսնու հետ բնակվում էր Ռուսաստանում։ Տեղեկանալով սպասվող ասֆալտապատման մասին՝ ինքն ու ամուսինը շտապել են Հայաստան՝ հետեւելու իրենց տանը կից կատարվելիք շինարարությանը։ «Մենք եկանք, ասացինք, որ եթե բարակ անեն, (հոսող) ջուրը լցվելու է մեր տան տակ, մեր տունը լրիվ ջրի՝ անձրեւաջրի, ոռոգման ջրի մեջ կլինի։ Նրանք վստահեցրին, որ էնպես կանեն, որ շատ լավ կլինի։ Փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, ուղարկեցին Ռուսաստան», – վերհիշում է մեր զրուցակիցը։
