Ռազմական գործողություններից Ադրբեջանը կտուժի. եվրոպացի դիվանագետ
«ԼՂ հիմնախնդիրը մտավ թռիչքի գոտի». Այս վերտառությամբ հոդվածում ռուսական «Կոմերսանտը» հարցազրույց է հրապարակել եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի հետ, որի անունը չի նշվում։ Զրուցակիցը նախ անդրադարձել է ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը, ապա նշել, որ Ադրբեջանի զինվորականների ու քաղաքական գործիչների մեջ կան մարդիկ, որոնք Ալիեւին փորձում են դրդել ռազմական գործողությունների, եւ նրանք հուսով են, որ միլիարդավոր նավթադոլարները, որ ուղղվել են Բաքվի զինված ուժերի հզորացմանը, կարող են ուժերի հավասարակշռությունը փոխել ու 90-ականների պատասխանը տալ։
«Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, դրանք էլ ավելի ավերիչ կլինեն տարածաշրջանի համար, այդ թվում եւ՝ ադրբեջանական նավթային ոլորտի համար, իսկ արդյունքում նպատակին հասնելը, ըստ ամենայնի, չի ստացվի։ Արդյունքը կլինի Ադրբեջանի անկայունացումը։ Այս ամենն իմ կարծիքով հասկանում է Ալիեւը եւ հնարավորություններ կգտնի՝ թույլ չտալով, որ շփման գծի լարվածությունը լայնածավալ պատերազմի վերածվի»,- ասել է եվրոպացի զրուցակիցը։
Ըստ նրա՝ այսօր հավանաբար ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա հայտարարությամբ։
