Ռազմական ինստիտուտում սպաներն անգամ ի վիճակի չեն անդաստիարակ կուրսանտների հարցերը լուծել.
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության մասին:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ շրջանառության մեջ դրված ինքնասպանության վարկածը արագորեն հերքվեց. զինծառայողի դիակի վրա հայտնաբերված վնասվածքները ապացուցեցին, որ տեղի է ունեցել սպանություն՝ դաժանության աննկարագրելի մեթոդներով:
Միաժամանակ լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ դեպքի կապակցությամբ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց սպանված զինծառայողի չորս համածառայակիցներին:
Նրանցից մեկը, ինչպես լրատվամիջոցները պարզել են, ինստիտուտի պետի տեղակալ Զարմիկ Թևոսյանի որդին է՝ Գնել Թևոսյանը: Թերթը նկատում է, որ այս տեղեկությունը ՊՆ-ն չի հերքել:
Թերթի տեղեկություններով՝ Գնել Թևոսյանն իր երեք ընկերների հետ մշտապես շատ լկտի է պահել իրեն, ինչը շատերին դուր չի եկել: Դեպքի օրը նրանց դուր չի եկել Հ.Բարսեղյանի կողմից նրանց արված դիտողությունը՝ կապված վերջիններիս վարքագծի հետ:
Այս ամենից հետո չորս մեղադրյալ զինծառայողները որոշել են դաստիարակել Հայկազին: Արդյունքում՝ նրանք տանջամահ են արել Հ.Բարսեղյանին, ապա՝ բեմականացրել ինքնասպանությունը:
Մի քանի տասնյակ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից: Իսկ Զարմիկ Թևոսյանին, ըստ թերթի, շատ հնարավոր է մեղադրանք առաջադրվի:
Թերթի տեղեկություններով՝ ռազմական ինստիտուտում սպաներն անգամ ի վիճակի չեն անդաստիարակ կուրսանտների հարցերը լուծել:
Իսկ այդպիսիների՝ ինստիտուտից հեռացման բավարար հիմքերի առկայության դեպքում նրանց համար դրսից միջնորդում ու միջամտում են հենց գեներալները:
«Եվ սա հայտնի է եղել վերադաս մարմնին, մասնավորապես՝ ՊՆ փոխնախարարներին: Նրանք մի քանի անգամ զեկուցագրեր են ստացել սպաներից, որոնք զգուշացրել են տիրող բարքերի մասին, բայց ոչինչ չի արվել»,- գրում է թերթը:
Այս հաստատությունը մշտապես հայտնվում է աղմկահարույց պատմությունների մեջ: Այս մասին նշում է լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ ինստիտուտի նախկին պետերից մեկը, օրինակ, թքում էր կուրսանտների երեսին՝ որևէ կերպ չհամարձակվելով նկատողություն անել արտոնյալներին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի` 05.02.2015թ. համարում:
