Ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են անցկացնում ՊՆ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են սկսել վերջին 6-7 տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած երիտասարդների փաստաթղթերում: Նրանք փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զորակոչիկները ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի կամ տարկետում ստացել:
Միաժամանակ ՊՆ-ում կոռուպցիոն սկանդալների հետ կապված քրեական գործեր են հարուցվել, որոնց մասին եղան հայտարարություններ: Ու չի բացառվում, որ այսպես իրավապահ համակարգը վեր է հանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեության ժամանակահատվածի հետ կապված թույլ տված բացթողումները:
Միգուցե իշխանական վերնախավը այս քայլին գնում է` նախազգուշացնելով ընդդիմադիր դարձած նախկին նախարարին, որ առաջիկայում սպասվող շուրջօրյա հանրահավաքներին միանալու դեպքում հնարավոր է` վատ հետևանքներ ունենան իր համար, դժվար է ասել: ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրենք պարբերաբար ստուգումներ անցկացնում են, նաև ասել է, թե իրենց գործողությունները պետք չէ քաղաքականացնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: