ՌԴ գլխավոր հյուպատոսն ակնկալում է խստագույն պատիժ
Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը հունվարի 13-ին ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևին: Հանդիպման նպատակը հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առնչությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հատուկ հանձնարարականն էր՝ փոխանցել գյումրեցիներին ռուսական կողմի ափսոսանքն ու ցավակցական խոսքը:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են քաղաքապետարանի մամուլի գրասենյակից, Եվգենի Կոնիշևն իր խոսքում հայտնել է, որ դժվարանում է որևէ գնահատական տալ իրավիճակին, քանի որ սա սարսափելի ողբերգություն է, որը խլել է մի ամբողջ ընտանիքի կյանք: Ըստ հյուպատոսի՝ սա հայ և ռուս ժողովրդի ընդհանուր վիշտն է, և ինքը՝ որպես ռուսական կողմի ներկայացուցիչ ակնկալում է խստագույն պատիժ մեղավորների համար:
Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն իր հերթին ավելացրել է, որ հնարավոր չէ գտնել բառեր՝ նկարագրելու համար ողբերգական իրավիճակը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեևանքով: Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
