ՌԴ-ի տնտեսական անկման հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար. Ժամանակ
Ռուսաստանի տնտեսական անկման հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար՝ երեկ «Ժամանակին» ասել է ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը ԼՂ տնտեսության վրա:
«Ըստ նրա, հնարավոր չէ խուսափել ՌԴ-ում տեղի ունեցող տնտեսական անկման բացասական ազդեցությունից: «Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար երեք հիմնական պատճառներով: Առաջին՝ ԼՂՀ տնտեսությունը փոքր է, ինչը նշանակում է, որ ռիսկերն ավելի հեշտ են կառավարվում: Երկրորդ՝ տնտեսությունն ունի մեկուսացվածության և անկախության որոշակի մակարդակ, հետևաբար՝ նվազ խոցելի է արտաքին ազդակների կողմից: Երրորդ՝ դիվերսիֆիկացիայի շոշափևի աստիճանը և կառուցվածքը թույլ են տալիս նվազեցնել ցնցումների հավանականությունը: Այս համատեքստում ուշագրավ է, որ Արցախի տնտեսության գերակա ուղղությունները թույլ կապ ունեն ՌԴ շուկայի ընթացիկ խնդիրների հետ», -ասաց Արա Հարությունյանը:
Վերջինս նաև պարզաբանեց, թե ինչ ծավալի դժվարություների առաջ կկանգնի ԼՂ տնտեսությունը: Ըստ վարչապետի՝ ակնկալվող դժվարություններից մեկը տրանսֆերտների ծավալի հավանական նվազումն է: «Այնուամենայնիվ, տրանսֆերտներն էական մասնաբաժին չունեն ԼՂՀ ՀՆԱ-ի ձևավորման գործում, որպեսզի պատկերացնեք ծավալը, նշեմ, որ 2013թ. դրանք կազմել են ՀՆԱ-ի մոտ 3.8 տոկոսը: Մյուս խնդիրը կարող է առնչվել պրտահանվող որոշ ապրանքատեսակների գնանկման հետ, որի ծավալները դժվար է կանխատեսել: Այս տեսանկյունից, ինչպես նշեցի, մեր գերակա ուղղությունները ՌԴ շուկայից թույլ կախվածություն ունեն՝ այդ թվում արտահանման հարցում: Սակայն կարծում եմ՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությամբ գների տատանումների հետ կապված ռիսկերը բավականաչափ մեղմանալու են: Բացի դրանից, այժմ նոր խոշոր ներդրումային ծրագրեր են իրագործվում Արցախում, որոնք լրացուցիչ խթան են հանդիսանալու տնտեսության զարգացման համար», - նշեց ԼՂՀ վարչապետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
