ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին
Էջմիածին քաղաքում օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցում էին նաև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Հայտնի է, որ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ բողոքող մարդկանց հետևում կանգնած էր Արթուր Ասատրյանը («Դոն Պիպո»), որն օրեր առաջ ձերբակալվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով:
Պարզվում է՝ իրենց ընկերոջ կողքին լինելու համար Էջմիածին էին պատրաստվում ժամանելու քրեական հեղինակություններ նաև Ռուսաստանից, մասնավորապես՝ Մոսկվայից. «Գալիս են աջակցելու իրենց ընկերոջը` վերջ տալու համար «Գրիգորյանների դինաստիային»: Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ու Կարենը հրաժարական տվեց»,- ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ «Դոն Պիպոյի» աջակիցները, այնուամենայնիվ, ցանկություն ունեն Էջմիածին գալու՝ իրավիճակին տեղում ծանոթանալու ու իրենց ընկերոջն ինչ-որ ձևով օգտակար լինելու համար:
«Իրատեսին» նաև փոխանցեցին, որ վերջիններս սպասում են իրադարձությունների զարգացմանը` Հայաստան ժամանելու հետ կապված բոլոր հարցերը հստակեցնելու համար: