Ռոբերտ Արզումանյանն ավարտեց ելույթները Ղազախստանի առաջնությունում
Armsport.am-ի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 9-ին «Ակտոբեն» Ղազախստանի առաջնությունում կանցկացնի վերջին հանդիպումը «Օրդաբասիի» հետ: Այդ հանդիպմանը չի մասնակցի Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով երեկ կայացած 24-րդ տուրից հետաձգված խաղում զգուշացում էր ստացել: «Աստանայի» դեմ խաղում ստացած դեղին քարտը 4-րդն էր Արզումանյանի համար:
Դա նշանակում է, որ սա հայ ֆուտբոլիստի վերջին հանդիպումն էր Ղազախստանի առաջնությունում, քանի որ մրցաշրջանի ավարտից հետո նա կտեղափոխվի Պերմի «Ամկար»: Նա կարող է միայն մասնակցել Ղազախստանի Գավաթի եզրափակչին, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
«Ակտոբեի» կազմում անցկացրած 2 մրցաշրջանում Ռոբերտ Արզումանյանը Ղազախստանի առաջնությունում մասնակցել է 48 հանդիպման՝ խփելով 3 գոլ, Ղազախստանի Գավաթում՝ 7 խաղի, Սուպերգավաթում՝ 1, Չեմպիոնների լիգայում՝ 4 խաղի՝ դառնալով մեկ գոլի հեղինակ, Եվրոպայի լիգայում՝ 5 հանդիպման: