Ռուսական ռուբլին շարունակում է կայունանալ
ՌԴ ֆինանսական շուկայում երեկ սկիզբ առած ՌԴ ռուբլու կայունացումը շարունակվում է նաև այսօր:
ՌԴ Կենտրոնական բանկն այսօր սահմանել է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 59,6 ռուբլի փոխարժեք, ինչը նշանակում է, որ երեկվա համեմատ դոլարը ՌԴ ֆինանսական շուկայում արժեզրկվել է ևս 8,1 ռուբլով: Նշենք, որ երեկ դոլարը վաճառվում էր 67,7 ռուբլով:
Նվազման միտում է դրսևորում նաև եվրոն. Այսօր 1 եվրոն ՌԴ ԿԲ-ն գնահատել է 73,3 ռուբլի, ինչը 11,2 ռուբլով պակաս է երեկվա կուրսից:
Հիշեցնենք՝ մինչև երեկ ռուսական ռուբլին կայուն նվազում էր արձանագրում` հասնելով իր պատմական նվազագույն արժեքին: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ռուսական ռուբլու արժեքը գրեթե կրկնակի նվազել է:
Ռուբլու փոխարժեքի կայունացման համար ՌԴ կենտրոնական բանկն իր պահուստներից ավելի քան 10 միլիարդ դոլար է բաց թողել շուկա՝ միաժամանակ նաև 6.5 տոկոսով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում անցնել ֆիքսված փոխարժեքի քաղաքականության` հիշեցնելով, որ փորձ է արվել Ուկրաինայում, սակայն դա որևէ դրական արդյունք չի տվել:
