Ռուսաստանը կտրականապես չի ընդունում ՀՀ իշխանությունների կշտամբանքները․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված ՀԱՊԿ-ի կողմից Երեւանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները իբր չկատարելու հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մեր կողմից կրկին ուզում ենք ընդգծել, որ կտրականապես մերժում ենք Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու հետ կապված», - հայտնել են նախարարությունից։
Ռուսաստանը Հայաստանից բացատրություններ է ակնկալում, թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Երեւանի «սառեցման» մասին երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։
«Մենք երկկողմ խողովակներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի «մասնակցության սառեցման» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում», - ասել են դիվանագիտական գերատեսչությունից։