Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ
Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ակնկալում է, որ մոտ ապագայում այնտեղ լիարժեք տրանսպորտային կապերը կվերականգնվեն, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Ռիա Նովոստին։
«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը, դա պայմանավորված է հանքաքարի հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնություններով։ ՌԴ ՊՆ-ն և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային կապերի վերականգնմանը»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։
Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ, և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս «կողմերը ստանձնել են պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն»։
«Անընդունելի է խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրներ ստեղծելը»,- հավելել է Զախարովան։
«Մենք ստիպված ենք առանձին մեկնաբանել ռուս խաղաղապահների դեմ անհիմն մեղադրանքները և սադրիչ գործողությունները։ Որտեղ էլ որ դրանք լինեն, մենք դրանք համարում ենք անընդունելի և հակաարդյունավետ, - ասել է Զախարովան։