Սահմանին զոհված 18-ամյա զինվորը անապահով ընտանիքի զավակ էր
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 25-ին զոհված 18-ամյա Կարեն Աքուլյանը Վանաձորի բնակիչ էր, տան կրտսեր զավակը, երկու ավագ քույր ունի:
Վանաձորի թիվ 18 դպրոցում, որի շրջանավարտ էր Կարենը, նրա կորուստը սգում են հարազատի պես: Կարենին դասավանդած ուսուցիչները նրան բնութագրում են որպես համեստ, խելացի, հանգիստ տղայի՝ ընկերասեր, հարգալից:
Կարենի դասղեկը՝ Արմինե Խառատյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Կարենը սոցիալապես անապահով ընտանիքից էր, հայրն արհեստավոր է, մայրը՝ դերձակ:
«Կարենը շատ էր մտածում ընտանիքին օգնելու մասին: Դպրոցում սովորելու վերջին տարիներին ամեն օր դասերից հետո գնում էր աշխատելու: Աշխատել է կահույքի արտադրամասում, ավտոփականագործի օգնական է եղել»,- պատմեց ուսուցիչը:
Տիկին Խառատյանի խոսքով՝ Կարենին այնքան էր անհնագստացնում ընտանիքի սոցիալական վիճակը, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուզում էր թողնել ուսումը, որ կաողանար աշխատել ու ընատանիք պահել, բայց դասղեկը համոզել է նրան շարունակել ուսումը:
«Շատ խելոք էր, միշտ մտավախություն ունեի, որ իրեն հանկարծ չշահագործեն, մի շառի չգա: Ուզում էի աչքիս առաջ լիներ: Շատ-շատ եմ ցավում, էս կյանքից էդ երեխեն ոչ մի լավ բան չտարավ, որ ասես՝ ինչ-որ հաճույքներից օգտվել է, չէ»,- պատմեց ուսուցչուհին՝ նշելով, որ Կարենին ինքը վերաբերվել է ծնողական հոգատարությամբ ու հիմա նրա մահը սգում է այնպես, ասես հարազատի կորցրած լինի:
Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Աքուլյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: