Սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ եւ առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները եւ մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթուղթ եւ առաջարկել է մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն: Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կենտրոնի իրականացնելիք խնդիրներից են մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներին, հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանը, համատեղ նախագծերի եւ ծրագրերի իրականացումը, մասնագետների պատրաստումը եւ այլն:
