Սամվել Ալեքսանյան. «Լրագրողներից նեղացել եմ, հավայի բաներ են գրել»
ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը նեղացել է լրագրողներից, որոնք գրել են, թե Իտալիայում տուն է գնել. «Հավայի բաներ են գրել»։
Սամվել Ալեքսանյանն ամենեւին տրամադրված չէր խոսելու էլեկտրաէներգիայի թանկացումից։ Նա ավելի կարեւոր հարցեր էր սպասում լրագրողներից. «Ես ձեզ ասել եմ՝ ընձի պալիտիկայից հարցրեք»։
Քաղաքականության մասին հարցերը պարոն Ալեքսանյանին ավելի շփվող չդարձրին։ Մոտավորապես այսպիսի տրամադրություն ուներ նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղատնտեսական ապրանքների գնաձեւավորման վրա էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը գնահատելիս. «Հլը չգիտենք ինչքան ա բարձրանալու, չի բարձրանալու»։
Մնացած բոլոր պաշտոնյաները գիտեին։ Հովիկ Աբրահամյանը թիվ ասաց՝ էլեկտրաէներգիան կթանկանա 6, 93 դրամով։ Ի՞նչ են անելու մարդիկ. «Փորձելու ենք մեր նպաստառուներին օգնել, որպեսզի նրանք այդ բեռը չզգան»։
600 հազար դոլարանոց արտասահմանյան ավտոմեքենայով շրջագայող վարչապետը ոչինչ չի կարող անել, որ էլեկտրաէներգիան չթանկանա։ Մարդը ապավինում է նրան, որ հանրությունը կհասկանա կառավարության անզորությունը. «Մենք էլ լինելու ենք շատ թափանցիկ, շատ բաց, որպեսզի հանրությանը բացատրենք այն, ինչ որ տեղի է ունենալու»։