Սարի թաղի բախման գործով ձերբակալվածներ չկան. ՔԿ
Facebook սոցիալական ցանցում այսօր տեղեկություններ են շրջանառվում, որ Սարի թաղից մարդկանց են բերման ենթարկում՝ երեկվա բախման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Սարի թաղի բախման գործով ձերբակալվածներ չկան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ:
Նշենք, որ երեկ երեկոյան Սարի թաղի միակ ճանապարհի փակման պատճառով բախում է տեղի ունեցել ոստիկանների ու սարիթաղցիների միջև:
Ըստ այդմ՝ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քրգործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Ոստիկանության 6 ծառայողներ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։
Ինչպես արդեն տեղեկացրել է Tert.am-ը, վիրավոր ոստիկանները նույն օրը բուժօգնություն են ստացել հիվանդանոցում ու տուն գնացել: