Սա ուղղակի Խաչիկ Ասրյան տեսակի արձագանքն է եղել
Նախօրեին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար, «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը, մեկնաբանելով նախորդ շաբաթ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին ուղղված կազինոյում խոշոր գումար տանուլ տալու վերաբերյալ Փոստանջյանի սկանդալային հարցը, ասել էր. «Փոստանջյանին պետք է այրել խարույկի վրա»: Թեպետ դրանից հետո Խաչիկ Ասրյանը հանդես եկավ պարզաբանմամբ ու հայտարարեց, որ ինքը «խարույկի վրա այրել» արտահայտությունն օգտագործել է ոչ թե ուղղակի, այլ փոխաբերական իմաստով՝ նկատի ունենալով երևույթը, սակայն Փոստանջյանը, ամեն դեպքում, դիմել է իրավապահներին: Այս համատեքստում Hayeli.am-ը զրուցել է Խաչիկ Ասրյանի հետ, որն էլ, մասամբ, ներկայացնում ենք.
Պարո՛ն Ասրյան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով ապահովել իր և իր ընտանիքի անվտանգությունը Խաչիկ Ասրյանից, այսինքն՝ Ձեզնից: Փաստորեն, տիկին Փոստանջյանը, Ձեր հայտնի հայտարարությունից հետո վախենո՞ւմ է Ձեզնից: -Նախ միանգամից ուզում եմ մերժել Ձեր հարցադրման մեջ վախի հասկացողությունը: Զարուհի Փոստանջյանը կարիք չունի ինձանից վախենելու, որովհետև Խաչիկ Ասրյանն ու «Հայոց արծիվները» կոչված են մինչև արյան վերջին կաթիլը ապահովելու և պաշտպանելու ցանկացած հայ կնոջ, հայ մոր և հայ ընտանիքի անվտանգությունն ու պատիվը: Ես իմ տեսակով հայ կնոջը պաշտպանող եմ, ոչ թե վախեցնող: Ի գիտություն Զարուհի Փոստանջյանի՝ որևէ հայ կին, այդ թվում նաև ինքը, կարիք չունի իր և իր մերձավորների անվտանգությունն ապահովել ինձանից, քանի որ ես ինքս իմ տեսակով և գործունեությամբ, «Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժման հետ միասին եղել եմ անվտանգության երաշխավորի դերում՝ մշտապես հայոց բանակի կողքին լինելով, նպաստելով հայոց բանակի, հայ զինվորի հայրենասիրական և մարտական ոգին բարձր պահելու սուրբ գործին: Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լկտի պահվածքի վերաբերյալ իմ արած առաջին հայտարարությունից հետո /նկատի ունի, որ ասել էր «խարույկի վրա պետք է այրել»-խմբ./, որը շատերի մոտ թյուրըմբռնման տեղիք էր տվել, ունեցել եմ նաև երկրորդ հայտարարությունն ու մեկնաբանել, որ ես այդ արտահայտությունն օգտագործել եմ փոխաբերական իմաստով և նկատի եմ ունեցել Փոստանջյանի ոչ թե ֆիզիկական մարմինը, այլ երևույթը՝ նրա լկտի պահելաձևը:
Բայց, ամեն դեպքում, Զարուհի Փոստանջյանը դիմել է ոստիկանապետին, համապատասխան ծառայություններն արդեն հանդիպել են նրան, իսկ ոմանք Ձեր խոսքերը պատկերացրին սուրբ ինկվիզիցիայի խարույկ… Նրանք, ովքեր այդպես են պատկերացրել, երևի դա իրենց ոճն է: Ես զարմանում և ապշում եմ Զարուհի Փոստանջյանի արհեստական անհանգստության համար: Ինձ համար անհասկանալի է, որ Զարուհի Փոստանջյանը հայրենի իրավապահներից օգնություն է խնդրում՝ նման հիմնավորմամբ: Ես ինքս և <<Հայոց արծիվները>> մեր հայրենիքում թշնամիներ չունենք: Զարուհի Փոստանջյանն ինձ համար թշնամի չէ ու չի էլ կարող լինել: Խաչիկ Ասրյան տեսակը, կրկնում եմ, պատրաստ է արյան վերջին կաթիլը տալ՝ պաշտպանելու հայ մոր, հայ կնոջ և հայ ընտանիքի անվտանգությունը: Այդ Զարուհի Փոստանջյանն է, որ այնքան է խճճվել իր քաղաքական գործունեության մեջ, որ մոռացել է, թե ինչ է նշանակում հայոց պետության արժանապատվությունը, հայրենիքի ու հայոց նախագահի բարձր անունը. Խաչիկ Ասրյանը առողջ և սառը դատողությունը երբեք չի կորցնում: Այնպես էլ, իրավապահներին դիմելով, Զարուհի Փոստանջյանն իր հերթական էժանագին PR քայլն է անում՝ շահարկելով Խաչիկ Ասրյան հայրենասեր տեսակի անունը: Կամ էլ գուցե Փոստանջյանը այդ ձևով ուզում է իրենից հեռացնել ԵԽԽՎ-ում իր լկտի պահվածքի պատճառով ինքն իր համար ստեղծված խայտառակ և արատավոր միջադեպի ծանր հետևանքը: Ես հիմա Ձեր կայքի միջոցով պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ իմ, ո՛չ իմ համախոհների կողմից որևէ ֆիզիկական բռնություն չի կարող լինել ոչ միայն Զարուհի Փոստանջյանի կամ նրա մերձավորների, այլև ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ: Ֆիզիկական բռնությունը ինձ համար անընդունելի և դատապարտելի է:Պարո՛ն Ասրյան, Դուք միակ իշխանական ներկայացուցիչը չեք, ով հանդես եկավ Զարուհի Փոստանջյանի պահվածքի քննադատությամբ: ՀՀԿ երիտասարդներն էլ կոչ էին անում ձվեր և լոլիկներ շպրտել նրա վրա, թեպետ նման բան ի վերջո չարեցին: Ինձ հետաքրքիր է՝ այդ կտրուկ արձագանքները ինչ-որ տեղից ուղղորդված կամ հրահանգավորվա՞ծ էին, թե՞ ինքնաբուխ պոռթկում էր: -Իմ արտահայտած խոսքերը որևէ մեկի, առավել ևս Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ խորհրդակցված կամ քննարկված չեն եղել: Դա ուղղակի Խաչիկ Ասրյան տեսակի արձագանքն է եղել: Ինձանից միշտ կարելի է սպասել նման հայտարարություն, եթե որևէ մեկը վիրավորում է իմ ազգի, պետության, նախագահի արժանապատվությունը: Ես նույնպես, ինչպես մնացածը, այդ թվում նաև նրանք, ովքեր եվրոպաներում առանց ամոթի պատրաստ են խայտառակել իրենց հայրենիքը, ունեն խոսքի ազատության և իմ կարծիքն արտահայտելու իրավունք:
Մանրամասներն` այստեղ:
