Սեւանը՝ ՀՅԴ-ի՞ն. ՀՀԿ-ն երկընտրանքի առջեւ է կանգնել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում Սեւանում ում է առաջադրելու որպես քաղաքապետի թեկնածու: Երեկվա դրությամբ առաջադրվել Էին հինգ թեկնածուներ, որոնցից երկուսը ՀՀԿ անդամ են։
Խոսքը Սեւանի նախկին քաղաքապետեր Գեւորգ Մալխասյանի ու Աշոտ Ալեքսանյանի մասին է: Գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը դեռ չէր առաջադրվել հավանաբար սպասելով ՀՀԿ-ի որոշմանը, որը կկայացվի այսօր։ Մենք փորձեցինք ՀՀԿ-ից պարզել, թե Սեւանում ի վերջո ո՞ւմ են առաջադրելու։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանն ասաց, որ այդ հարցին այսօր կպատասխանի։ Այսօր ժամը 6-ին ավարտվում են առաջադրումները։
Սեւանից ստացած մեր տեղեկությունների համաձայն, նախկին քաղաքապետերը առաջադրվել են՝ այդ քայլը ՀՀԿ-ի հետ առանց համաձայնեցնելու։ Եվ հիմա կուսակցությունում չեն կողմնորոշվում, թե ում թեկնածությունը սատարեն։ Երեքն էլ ՀՀԿ-ի համար որոշակի նշանակություն ունեն իրենց կողմնակիցներով ու որոշակի ազդեցությամբ։ Եվ ՀՀԿ-ն չի ցանկանում նեղացնել նրանցից որեւէ մեկին։
Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, այս ցանկում որոշակի առավելություն ունի գործող քաղաքապետը։ Բայց քննարկվում է նաեւ որեւէ մեկին չպաշտպանելու տարբերակը, որ երեքը մրցակցեն ու հաղթողը դառնա քաղաքապետ։ Ի դեպ, Սեւանում ՀՅԴ-ն էլ է քաղաքապետի թեկնածու առաջադրել Արտակ Վարդանյանին, կան նաեւ ինքնաառաջադրված երկու անկուսակցական թեկնածուներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
