Սելին Դիոնը համերգի հասույթը նվիրաբերել է Լաս Վեգասում հրաձգության զոհերի բարեկամներին
Սելին Դիոնը իր համերգի հասույթը նվիրաբերել է հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում հրաձգության զոհերի բարեկամներին, հայտնում է ТАСС-ը: Երգչուհին վերսկսել է իր ելույթներն այդ քաղաքում ողբերգությունից երկու օր անց:
«Այսօրվա երեկոն հատուկ է: Կիրակի երեկոյան սարսափելի ողբերգական իրադարձությունից հետո մենք բոլորս նմանատիպ հարցեր ենք մեզ տալիս: Դուք ձեզ հարցնում եք՝ կհամարձակվե՞ք գնալ Սելին Դիոնի համերգին ողբերգությունից ընդամենը երկու օր անց: Իսկ ես հարցնում եմ ինձ՝ կկարողանա՞մ ես շոու անցկացնել: Պե՞տք է ես արդյոք շոու կազմակերպեմ այդ սարսափելի իրադարձությունից երկու օր անց: Այդ հարցերին պատասխանելը հեշտ չէ»,- հայտարարել է Դիոնը Caesars Palace հյուրանոցա-ժամանացային համալիրի դահլիճում հավաքված իր երկրպագուներին:
Նա վերսկսել է ելույթները «սեր և աջակցություն փոխանցելու համար նրանց, ում անդրադարձել է ողբերգությունը»:
«Կիրակի մենք չափազանց շատ հիասքանչ, անմեղ հոգիներ ենք կորցրել, էլ ավելի շատ մարդիկ վշտի մեջ են: Այս երեկո մենք ցույց կտանք այդ ընտանիքներին, որ կօգնենք նրանց և կաջակցենք մեծ կորստի ժամին: Նրանց շատ սեր, էմոցիոնալ մեծ աջակցություն և զգալի ֆինանսական օգնություն է պետք գալու»,- ասել է երգչուհին: