Սերժ Ավետիքյանը Խաչիկ գյուղում ավարտել է Պատրիկ Շենեի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները
Հայաստանի սահմանային Խաչիկ գյուղում (Վայոց ձոր) ավարտվել են ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմի նկարահանման աշխատանքները:
Կինոնկարում խաղալու և երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրը լինելու համար Հայաստան էր ժամանել անվանի դերասան Պատրիկ Շենեն:
«Երկու օր առաջ Խաչիկ գյուղում վերջացրի իմ ֆիլմի նկարահանումները: Պատրիկ Շենեն ֆիլմի գլխավոր դերակատարն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի բացման ընթացքում նշել է Սերժ Ավետիքյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմի աջակիցներին:
Նոր կինոնկարում կոմեդիայի գիծ կա, իսկ սցենարը Ավետիքյանը գրել է ֆրանսիացի դերասանի հետ: Գլխավոր հերոսը կորում է Հայաստանի սահմանային գյուղերից մեկում: Ֆիլմը թեթև ձևով շատ բաներ է շոշափում: Այն ներկայացնում է, թե ինչ է նշանակում սահմանին ապրել, շփվել մի մարդու հետ, որի լեզվով չես խոսում:
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Սերժ Ավետիքյանը սովորել է Մյոդոնի դրամատիկական արվեստի դպրոցում, խաղացել ֆրանսիական դասական ու ժամանակակից խաղացանկի շատ ներկայացումներում:
1976-ին Փարիզում հիմնել է թատերական ընկերություն և մի շարք ներկայացումներ բեմադրել: 1982-ից սկսել է վավերագրական ֆիլմեր նկարահանել` միաժամանակ շարունակելով աշխատանքը որպես կինոյի և թատրոնի դերասան:
1988-ին հիմնել է սեփական կինոընկերությունը և հեղինակային ֆիլմեր նկարահանել: Զուգահեռաբար շարունակել է դերասանական գործունեությունը թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում: 2010-ին Ավետիքյանը «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»:
Նա կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված «Փարաջանով» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համահեղինակն է և գլխավոր դերակատարը: Բեմադրել է նաև «Անուշ» օպերան