Սևակ Խանաղյանի մայրիկի բացահայտումները երգչի մասին
Tert.am Life–ն այսուհետև կներկայացնի հարցազրույցների շարք՝ հայ հայտնիների ընտանիքի անդամների հետ։ Մեր առաջին զրուցակիցը երգիչ Սևակ Խանաղյանի մայրն է՝ տկն Նազիկը։ Նրա հետ խոսել ենք որդու մանկության ու հաջողությունների մասին։
Սևակի ծնողները 2 ամիս է՝ Հայաստանում էին՝ որդու գործունեությանը հետևելու և նրա երևանյան համերգներին ներկա լինելու նպատակով։
Տկն Նազիկը շատ ոգևորված է որդու հաջողությամբ և այն ընդունելությամբ, որին նա արժանանում է։ «Սրանից ուրախ, երջանիկ պահ ծնողի համար, երևի, չկա։ Ես սպասում էի, որ Սևակն այսպիսի հաջողության կհասնի, որովհետև մանկուց շատ էր սիրում երգը։ 7 տարեկան էր, ձեռքերը չէին հասնում սինթեզին, ձգվում էր, որ նվագեր։ 10 տարեկանից դպրոցի բոլոր միջոցառումներին երգում ու նվագում էր»,– պատմեց երգչի մայրը։
Տկն Նազիկը նշեց, որ հայտնիությունը Սևակին չի փոխել, ինչպես ժամանակին ռուսական միջավայրը չէր փոխել։ «Ինքը միայն դեպի լավ է փոխվել ամեն հարցում։ Այնքան շնորհքով է։ Այդքան ժամանակ Ռուսաստանում թեկուզ մենակ է մնացել, ոչինչ չի փոխվել։ Ինքը փոքրուց ինչպիսին կար, նույնպիսին էլ մնացել է։ Վստահ եմ՝ իրեն կյանքում ոչինչ չի փոխի»,– ասաց նա։
Սևակը մանկուց երաժշտական մթնոլորտում է մեծացել։ Հայրը նրան սովորեցրել է սինթեզատոր նվագել։ Հենց նրանից էլ Սևակը լսել է «Հին ֆայտոն» երգը, որը տարիներ անց ներկայացրեց իր լսարանին։ «Սևակը փոքր էր, հայրն անընդհատ երգում էր «Ֆայտոնը», իրեն շատ էր դուր եկել։ 2-3 տարի առաջ զանգեց, ասաց՝ ուզում եմ երգել այդ երգը»,– հիշեց տկն Նազիկը։