Սեյրան Օհանյանը բանակում արգելել է երկու արտահայտություն
A1plus.am-ը գրում է.«Ես բանակում արգելել եմ անել երկու արտահայտություն։ Առաջինը՝ բանակը հասարակության հայելին է, եւ երկրորդ՝ բոլոր բանակներում էլ տեղի են ունենում միջադեպեր»։ Այսօր ԵՊՀ-ի պրոֆեսորադասխոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմով, կարգապահությամբ եւ այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետեւողական մղել, քան ազատ հասարակության մեջ։ Արգելել եմ ասել, որ բոլոր բանակներում էլ այսպիսի (արատավոր-խմբ.) դեպքեր լինում են, որովհետեւ մենք ազգային բանակի կատարելության հասնելու վերջնագծում ենք, որտեղ բացառիկ աստիճանի պետք է լինեն հայրենասիրության բարձր հատկանիշները, ազգային ավանդույթները, մարդկային բացառիկ հարաբերությունները եւ այլն։ Դրանք են, որ բանակում ձեւավորում են անձնական մարտական ոգի եւ բարոյահոգեբանական մակարդակ կոլեկտիվներում»,-ասաց նախարարը։
Սեյրան Օհանյանը չի կարող ասել, թե այս տարի լարվածությունը ինչպիսին կլինի սահմանում. դա կախված է հակառակորդի արկածախնդրությունից, բայց կարծում է, որ այս առումով պետք է ապավինել Աստծո զորությանը եւ երկու սրբություններին՝ «հայկական բանակի հրամանատարին եւ զինվորին»։
2016 թվականի համար պաշտպանության նախարարը իր խոսքով ինքն իր համար զգաստացման մեխանիզմ է մշակել, որպեսզի ավելի լուրջ վերաբերվի իր ենթականերին եւ ազատ արարելու հնարավորություն տա.
«Երկար տարիներ ղեկավարած անձնավորությունների մոտ ինչ-որ տարր բթանում է, լճանում, եւ իրենց թվում է, որ միակ ճիշտը իրենք են, բայց ենթականերից յուրաքանչյուրը պետք է իրեն անկաշկանդ զգա, լինի համարձակ՝ մինչեւ պաշտպանության նախարար իր տեսակետները, առաջարկությունները հայտնելու»։
Նյութը `սկզբնաղբյուր կայքում