«Շառից-փորձանքից» հեռու...
Comment
Հնարավո՞ր է արդյոք միաժամանակ և գտնվել մի տեղում, և չգտնվել. Գիտությունն այդ հարցի պատասխանը դեռ չի գտել, բայց այ կա մի հատ այլընտրանքային «գիտնական», այն էլ՝ Հայաստանում, որը տվեց այդ հարցի պատասխանը՝ կատարելով դարի հայտնագործությունը: Մտքի այդ ռահվիրան ԲՀԿ-ի «այլընտրանքային գիտության» պատվավոր ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն է:
Հիմա տեսեք, թե ինչ է ասել այս հրաշալի մարդը ամսի 10-ին հանրահավաքին լիդերների մասնակցության մասին. «Լիդերները ազատության հրապարակում անպայման լինելու են: Մենք հիմա քննարկում ենք՝ ո՞ր պահին, որովհետև որևէ մեկը չի հայտարարել, որ լինելու է մեկ հանրահավաք»:
Չէ, բայց դուք զգացիք չէ՞: Սա իսկապես զգալ է պետք. մարդը ընդամենը մի քանի վայրկյանում ներկայացրեց մի սահմանում, որը մեզ թույլ է տալիս դուրս գալ մեր պատկերացրած իրականության եռաչափ կաղապարներից և մեզ հասանելի դարձնել տիեզերքի այլ չափումներ: Հիրավի, գիտությունը Ստեփան Մարգարյանին չի մոռանա: Մենք էլ չեն մոռանա Գագիկ Ծառուկյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, ովքեր հերթական անգամ փաստացի փորձելու են հիասթափեցնել իրենց վստահած մի բուռ մարդկանց՝ այս անգամ Ստեփան Մարգարյանի միջոցով: Այսինքն, նրանք լինելու են, բայց նաև չեն լինի ամսի 10-ին, որովհետև դա միակ հանրահավաքը չէ, կլինեն նաև այլ հանրահավաքներ՝ թեկուզ ասենք 2039 թվականին, և մի օր նրանք անպայման կլինեն...
Այս հուզիչ նոտայով չավարտելու համար վերջում կտրուկ անցում անեմ և մի դրական լուր հաղորդեմ՝ Հովիկ Արգամիչը մեկնեց ԱՄՆ՝ չնայած դեռ հարց է՝ մեկնե՞ց, թե՞ նրան գործուղեցին` ամսի 10-ին «շառից-փորձանքից» հեռու մնալու նպատակով միայն:
Արտյոմ Եդիգարյան