Շավարշ Քոչարյանը ռուսական կողմի հետ արդյունքի հասնելու հույս ունի
ԱԺ սեպտեմբերի 10-ի նիստում պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին ՌԴ-ում աշխատող օտարերկրյա վարորդների վերաբերյալ:
«Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ընդունել էր, որ այստեղ խտրականություն կա: Հիմա ի՞նչ փուլում է հարցի լուծումը»,-հարցադրեց նա:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ քանի որ այդ սահմանափակումն արվել է ՌԴ օրենքով, և այդ օրենքն այնպես է ընդունվել, որ անդամ պետություններից միայն ՀՀ վրա է տարածվում այդ սահմանափակումը, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
«Մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,-ամփոփեց Շ. Քոչարյանը:
ՀՀ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասվածին ավելացրեց. «Սեպտեմբերի 17-ին Պետդումայում կլինի մեր հանձնաժողովի համատեղ նիստը՝ պրոֆիլային գործընկեր հանձնաժողովի հետ: Մենք այդ հարցը կբարձրացնենք և հետևողական կլինենք, որ դաշնակցային հարաբերություններում այս հարցը ի վերջո լուծվի»:
Հիշեցնենք, որ դեռևս 2016-ին Ռուսաստանի Պետդումայի կողմից կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ արգելվում էր օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով աշխատել։ Այս փոփոխությունը, սակայն, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանին էր վերաբերում։ Այսինքն՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չէին կարող այլևս աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանային Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով։ Սակայն դա բավարար չէր։ Ովքեր անցել էին այդ որակավորումը և քննություն էին հանձնել, նրանցից էլ պահանջվում էր 2-4 տարվա աշխատանքային փորձ։
Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ վերջերս հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից նման որոշումը «ամեն ինչում չէ, որ ճշգրիտ էր», և Ռուսաստանում արտասահմանյան վարորդական իրավունքով աշխատելու պայմանը պետք է լիներ ԵԱՏՄ անդամակցությունը: