Շենգավիթում նախօրեին երկու երիտասարդի սպանության հետքերով. հարցաքննվել է նաև Տլեի եղբայրը
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ «Լիա» գեղեցկության սրահի սեփականատերը՝ Պետրոս Իսրայելյանը և նրա որդին դիմել են փախուստի՝ նախօրեին տեղի ունեցած սպանությունից հետո։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից երկուսը մահացել են, իսկ մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տուժողների վրա հայտնաբերվել է հրազենային 5 վնասվածք։ Մահացածներից մեկի դիահերձման արդյունքում մարմնից հանվել է 1 գնդամ՝ 9 մմ տրամաչափի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ըստ ամենայնի կրակոցներն արձակվել են Մակարով տեսակի ատրճանակից։
Թե որն է եղել նման ծանր հանցագործության շարժառիթը առայժմ պարզ չէ. Միջադեպի մասնակիցներից երկուսը սպանվել են, իսկ երրորդը ի վիճակի չէ ցուցմունք տալու։ Իսկ գեղեցկության սրահի տնօրենը և նրա որդին փախած են։ Ըստ տարածքի բնակիչների՝ տուժողները լավ հարաբերությունների մեջ են գտնվել Իսրայելյանի հետ, ասել է թե՝ եղել են նրա թիմից, իսկ թե ինչ է կատարվել գեղեցկության սրահում և ինչու են սեփականատերն ու նրա որդին դիմել փախուստի հայտնի չէ։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ սպանության գործով հարցաքննվել է նաև երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլե մականվամբ Սարգիս Հախանումյանի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը։
2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ -ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի՝ գլխի և որովայնի շրջաններում հրազենային վնասվածքներով: Ըստ ահազանգի՝ բուժօգնության են տեղափոխվել նաև Երևան քաղաքի 2 բնակիչներ՝ Մ.Մուշեղյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով, և Ա. Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
