Շիրակի մարզում եղբայրը կտրել է քրոջ հեռախոսին մի քանի անգամ զանգահարած տղայի...
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Հ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 16-ին, առավոտյան ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում՝ չգործող «Թաք ծառ» ռեստորանի դարպասի դիմաց գտնվող տարածքում Արմեն Հ.-ն Արթուր Տ.-ի կողմից իր քրոջ բջջային հեռախոսին մի քանի անգամ զանգելու պատճառով վիճել է Արթուրի հետ:
23-ամյա Արմենը, ըստ մեղադրանքի, «Արթուրին ծնկի է բերել, գրպանից հանել է դանակը, շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տ.-ի կզակին, առանձին դաժանությամբ՝ առանձնակի ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով վերջինիս՝ դանակով կտրել է նրա աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում և պարանոցի կտրած վերք՝ դիտավորությամբ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս է պատճառել Արթուր Տ.-ին:
Արմեն Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով:
Դատարանում Արմեն Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, հրաժարվել է ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:
Դատարանում հրապարակվել ու հետազոտվել են Արմենի նախաքննական ցուցմունքները:
Արմենը պնդել է, որ արարքը խուլիգանական դրդումներով և աննշան պատճառով չի կատարել, իր անձի առավելությունը չէ, որ տուժողին ցույց է տվել: Այդ քայլին գնացել է այն պատճառով, որ Արթուր Տ.-ն անհանգստացրել է իր քույրիկին, վերջինիս պատվի ու արժանապատվության հարցն է շոշափվել: Բացի այդ՝ Արթուր Տ.-ն իրենից ներողություն չի խնդրել կատարածի համար: Քրոջ պատվի ու արժանապատվության հարցը չնչին առիթ չէր իր համար: Ինքն Արթուրին հոգեպես չի ճնշել, ծնկի չի իջեցրել: Փոխադարձ վեճի ժամանակ իրար չեն հասկացել:
Ինքը, առանց որևէ դաժանության ու հոգեկան ճնշում կիրառելու, խոսակցային վեճի ժամանակ գրպանից հանել է դանակն ու միանգամի՛ց կտրել է Արթուրի ականջը: Նա այդ պահին կանգնած էր, ոչ թե ծնկի իջած… Ինքը Արթուրի պարանոցը դիտավորյալ չի վնասել, վնասվածքը երևի առաջացել է ականջը կտրելու ընթացքում դանակը ներքև սահելու ժամանակ…
