Շուտով հայտնի կլինի, թե որտեղից է գալիս Լեւոն Հայրապետյանի դեմ պատվերը
Արդեն մի քանի օր է, ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է հայազգի հայտնի գործարար-բարերարներից մեկին` Լեւոն Հայրապետյանին: Նա կասկածվում է հանցավոր խմբավորման գործողություններում ներգրավված լինելու մեջ: Հասկանալու համար, թե արդյո՞ք Լ. Հայրապետյանը կարող է կապ ունենալ հանցավոր անձնաց հետ, եւ կամ կարող է նրա ձերբակալությունը պատվեր լինել`(ադրբեջանական կողմից, որի մասին արդեն իսկ հայտարարել է Արկադի Տեր-Թադեւոսյանը`Կոմանդոսը), fnews.am-ը զրուցեց նրա վաղեմի ընկեր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ.
-Լեւոն Հայրապետյանին ես շատ վաղուց եմ ճանաչում. դեռ 1991 թվականից, երբ նա կարծեմ «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր, համենայն դեպս այդտեղ ղեկավար պաշտոն էր զբաղեցնում: Նա հիասքանչ մարդ էր, զարգացած, կրթված, ռուսական իրականության մեջ դեռ այդ տարիներին բավականին ճանաչված՝ հատկապես մտավորականության շրջանում: Ասում եմ այն՝ ինչ տեսել եմ: Ես կասեի նա մեծ հայրենասեր էր, ճիշտ է նա արմատներով Ղարաբաղից էր, սակայն այնտեղ չի ծնվել, նա Երեւանում է ծնվել ու մեծացել, բայց արմատներով կապված էր իր հայրենիքի հետ: Նա բացառիկ ծառայություններ ունի մատուցած ե՛ւ պատերազմի ժամանակ, ե՛ւ դրանից հետո, ե՛ւ որպես բարեգործ: Լեւոնը բավական լայն կապեր ունի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ արտասահմանյան շատ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլ վայրերում:
Նա շատ զարգացած ու ինտելեկտուալ անձ է, ես շատ զարմացած եմ, որ նրա անունը կապում են ինչ-որ կրիմինալ մարդկանց հետ: Կարծում եմ, որ շուտով հայտնի կլինի, թե որտեղից է գալիս Լեւոն Հայրապետյանի դեմ պատվերը: Որքանով, որ ես նրան ճանաչում եմ, հստակ կարող եմ ասել, որ դա թյուրիմացություն է, ես այս ամենին չեմ հավատում: Նա մեծ լոբբիստ էր, ինչպես բոլոր հայերը, սակայն նա առավել աչքի ընկնող էր ու կարծում եմ, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այնպես չէ: Նման բաները գաղտնի չեն մնում. ամեն ինչ շուտով պարզ կլինի՝ ե՛ւ պատվիրատուները, ե՛ւ նպատակները հայտնի կլինեն:
Սոսե Չանդոյան
