Սիսիանում ոսկի կորոնեն
«Գի մետալս Ինվեսթմենթ Լիմիտեդ» ՍՊԸ-ն մտադիր է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի հարավային հատվածի Դաստակերտի տարածաշրջանի 850.0 հա տարածքում: Ընկերությունը մասնավորապես որոնելու է ոսկի եւ բազմամետաղներ, պարզաբանելու դրանց արդյունահանման քանակական եւ որակական հատկանիշները, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 14.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Լորի գյուղապետարանում տեղի կունենան Դաստակերտի տարածաշրջանի հարավային հատվածում 2016-2017թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:
Հայտի համաձայն` աշխատանքները կատրվելու են Արեւիս, Այրի, Չիչկալի, Կանդալի, Սալվարդի եւ այլ տեղամասերում, որոնք գտնվում են Սիսիանի շրջանում, ամենամոտ բնակավայրերն են Արեւիս, Ցողունի, Տորունիք գյուղերը, Դաստակերտ քաղաքը:
Հորատվելու է 1000 հորատանցք, որտեղից վերցվելու է 1000 հորատահանուկ: Կատարվելու են հարգորոշիչ անալիզներ ոսկու համար:
Տեղանքի ջրային զարկերակը Որոտանն է իր Սիսիան, Այրի եւ Լոր վտակներով: Ընկերությունը վստահեցնում է որ ջրերը չեն աղտոտվի, երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքում Կարմիր գրքում գրանցված տեսակներ չկան, մոտակայքում չկան նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներ:
