Սննդամթերքը մեկ տարում թանկացել է 6.6%-ով, 5 տարում՝ 33%-ով
Հինգ տարվա ընթացքում Հայաստանում սպառողական գներն աճել են 27.1 %-ով: Սրանք վիճակագրության ազգային ծառայության հրապարակած տվյալներն են: Ընդ որում, պարենային ապրանքները թանկացել են 33.1, ոչ պարենային ապրանքները՝ 18.2, ծառայությունների սակագները՝ 21.3%-ով:
Իսկ վերջին 1 տարվա ընթացքում (2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ) սպառողական գներն աճել են 5.4%-ով: Եվ դարձյալ աշմենաշատը թանկացել է սննդամթերքը՝ 6.6%-ով: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 3.4, ծառայությունների սակագներինը` 4%-ով:
2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ ձվի գինը բարձրացել է 4.3%-ով, կաղամբինը` 2.8%-ով, գազարինը՝ 13.0%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքային խմբում արձանագրվել է 4.8% գնաճ, իսկ շաքարավազի գինն աճել է 9.4%-ով: Հացամթերքի գինը մեկ տարում աճել է 9.5% -ով, մսամթերքինը՝ 8%-ով:
Իսկ հրուշակեղենի գինն ավելացել է 11.7%-ով:
