Սննդի համար նախատեսված սայլակում հայտնաբերվել է կասկածելի սրվակ․ ՔԿԾ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ն.Խ.-ն պատրաստվում է մեկ այլ դատապարտյալի փոխանցել կասկածելի զանգված, մայիսի 15-ին խուզարկության են ենթարկել նրա մոտ առկա, ազատազրկված անձանց սնունդ մատակարարելու համար նախատեսված սայլակը:
Խուզարկության արդյունքում սայլակի մեջ եղած սննդի տարայից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված ապակյա սրվակ՝ թմրանյութին նմանվող հեղուկով: Դատապարտյալ Ն.Խ.-ն բանավոր հայտարարել է, որ սրվակում մեթադոն է: Հայտնաբերված հեղուկը հանձնվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ: