Սոչիում առգրավվել ու ոչնչացվել է 200 կգ հայկական թառափ
Ռուսաստանի Դաշնության ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը Սոչիի օդանավակայանում առգրավվել է 200 կգ թառափ, որը ներմուծվել է հայկական «Արարատ իշխան» ՓԲԸ –ի կողմից: Առգրավված ձուկը այրվել է:
RUSARMINFO գործակալության լրագրողի հետ զրույցում ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության ու ՌԴ պետական սահմանին սահմանային-անասնաբուժական հսկողության բաժնի տրանսպորտային վարչության պետի տեղակալ Վիկտորյա Կոկոսյանը հայտնել է, որ թառափի արգրավվման պատճառը եղել է այն, որ ներմուծող հայկական ընկերությունը չի ունեցել Ռուսաստանի տարածք ներմուծվող ապրանքի սերտիֆիկացման փաստաթուղթ, իսկ ընկերության անվանումը բացակայել է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության ձեռնարկությունների ցանկից:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ընկերության ներկայացուցիչը ինքն է դիմել թառափները ոչնչացնելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Ռուսաստան անասնաբուժական հսկողության ենթակա արտադրատեսակի մատակարարումներ կարող են իրականացնել միայն այն ընկերությունները, որոնք ներառված են ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության ցանկում:
Ընկերությունները կարող են այդ ցուցակում ներառվել միայն այն բանից հետո, երբ համապատասխան հայտարարություն ներկայացնեն էկոնոմիկայի նախարարություն:
