Սպանություն Չարենցավանում
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավան քաղաքի բնակիչ Գ.Մանվելյանի սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ձերբակալվել։ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնի բազմակի ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Չարենցավան քաղաքի բնակիչ 31-ամյա Գ. Մանվելյանը։ Վերջինս, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Գ. Մանվելյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի շենքերից մեկի 5-րդ հարկի աստիճանահարթակում հարևանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Հարևանը հայտնաբերվել է և ձերբակալվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին