Սպանություն Երեւանում. 31-ամյա երիտասարդ է հետախուզվում, նա սպանվածի ազգականն է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Երեւանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Երեւանի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում, որ Ա.Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, ավտոմեքենայի մակնիշը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա Երեւանի բնակիչ է, ծնված 1986թ.: Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ տուժողի հետ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի առնչության, նրանց միջեւ ձեւավորված անբարյացակամ հարաբերությունների պատճառների մասին։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչն այսօր որոշում է կայացրել Երեւանի 31-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավել՝ Արշակ Գալստյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հետախուզվողը Երեւանի Հաղթանակ թաղամասի բնակիչ Կարեն Մինասյանն է: Ըստ աղբյուրի՝ Մինասյանը սպանվածի՝ Արշակ Գալստյանի ազգականն է:
