Սպանված հեղինակություն Համբիկը, Հայաստան էր եկել Մոսկվայից՝ իր զավակներին այստեղ մկրտելու համար
Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ էին տեղի ունեցել մայրաքաղաք Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե՝ այլ: Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզում է մահացածի և վիրավորների ինքնությունը:
Newsmedia.am-ի տեղեկություններով , հիվանդանոցում մահացածը՝ հեղինակություն Համբարձում Առաքելյանն է, ով առավել հայտնի է (Համբիկ) անունով: Վերջինս շատ կարճ ժամանակ է, ինչ Մոսկվայից ժամանել էր Հայաստան՝զավակների մկրտության արարողությունը կազմակերպելու համար:Ասում են, որ ընդամենը մի քանի օր առաջ էլ տեղի էր ունեցել մկրտության արարողությունը: Նկատենք նաեւ, որ Համբարձում Առքելյանին ճանաչողները, նրան բնորոշում են որպես լավ մարդու եւ կարգին հայի:
