«Սպարտակ»-ին է միացել Յուրա Մովսիսյանը, ով մարզվում է անհատական ծրագրով
Շվեյցարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Սպարտակ»-ին է միացել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա մինչ այդ սրունքաթաթի վնասվածքի պատճառով անհատական ծրագրով մարզվում էր մոսկովյան ակումբի` Տարասովկայում գտնվող մարզաբազայում:
Մովսիսյանը երեկ մարզվել է անհատական ծրագրով: Մինչև հիմնական խմբին միանալը նա ֆիզպատրաստականության գծով մարզիչ Օլեգ Սամատովի գլխավորությամբ վերականգնողական ծրագիր է անցնում:
«Ուրախ եմ նորից լինել թիմի հետ: Սրունքաթաթի հատվածում թեթևակի ցավ դեռ զգում եմ, բայց հիմա ինձ շատ ավելի լավ եմ զգում: Անհամբեր սպասում եմ` երբ եմ մարզվելու ամբողջական ծրագրով, որպեսզի լիարժեք նախապատրաստվեմ նոր մրցաշրջանին»,- ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ ճեպազրույցում նշել է Մովսիսյանը: