1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Սփյուռքում ամենամեծ մարտահրավերը հայ ինքնության կորուստն է»

Հայ ազգն իր քաղաքակրթության պատմության, մաքառումների ընթացքում իր հետքերն է թողել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Դիմակայելով ճակատագրի հարվածներին ու փորձություններին ՝ ամենուր ձգտել է պահպանել իր ինքնությունը՝ Լեզուն, Մշակույթը Հավատը…դրանք մեզ համար դարձել են հատուկ գոյականներ, ինչի կենդանի վկաները բազմաթիվ երկրներում հայերի կառուցած հին դպրոցներն ու եկեղեցիներն են:
Պատմականորեն ձևավորված հայկական գաղթօջախների շարքում ուրույն պատմություն ունի Նոր Նախիջևանի կամ Դոնի Ռոստովի հայկական համայնքը՝ իր նոր, բայց՝ հարուստ անցյալի էջերով:

Դոնի հայության մշակութային կյանքում շատ էական է եղել մեր հայրենակիցներ Մ. Նալբանդյանի և Ռ. Պատկանյանի դերը։ Եվ Հայոց նորագույն պատմության և մշակույթի մեջ մեծ դեր կատարած բազում երևելի անհատականություններ սերվել են Նոր Նախիջևանի հայկական միջավայրից՝ Վարպետ Մարտիրոս Սարյան (1880–1972), տաղանդավոր նկարիչներ Սեյրան Խաթլամաջյան (1937–1994), Գրիգոր Շլդյան (1900–1985), գրականագետ Սարգիս Սարյան (1917–1962), ճարտարապետ Մարկ Գրիգորյան (1900–1978), պատմաբան, արվեստաբան, գրականագետ Ալեքսեյ Ջիվելեգով (1875–1952)…Նոր Նախիջևանի հայերը նաև մշակութային կամուրջ են եղել հայ և ռուս ազգերի միջև: Հայերը կարևոր դեր են կատարել նաև Ռուսաստանի քաղաքական ու մշակութային կյանքում: 

Այսօր էլ ապրում է Նոր Նախիջևանի հայկական գաղութը: Ապրում է իր մշակութային կյանքով՝ անցյալի ժառանգությունը պահպանելու, իր առջև դրված կարևորագույն խնդրով: Այդ նվիրյալներից են համայնքի հոգևոր առաջնորդ Արժանապատիվ Տեր Տիրան քահանա Ավագյանը, երեցկին Անուշ Գրիգորյանը, որոնց անխոնջ, անմնացորդ նվիրումի շնորհիվ գործում է «Հայորդյաց տունը» ( «Զվարթնոց» պարային համույթը, «Նախիջևան» վոկալ երգչախումբը, ՀԵԵՄ–ը և Հայկական դասարանը): Տեր Տիրան քահանա Ավագյանի նվիրական ջանքերով Ս. Հարություն եկեղեցուն կից վերաբացվեց թիվ 14 վարժարանի Հայկական դասարանը: Հայորդյաց տանն այսօր ուսանում է շուրջ 300 աշակերտ: Երախտագիտությամբ կարող ենք ասել, որ Տեր հայրը կարողացել է վերածնել տեղի ազգային-հոգևոր կյանքը՝ ասես ստեղծելով մի փոքրիկ Հայաստան:
Եվ մի երիտասարդ հայ ուսուցչուհի՝ Ռուզաննա Կարապետյանը, որը 7 տարի առաջ է հաստատվել Դոնի Ռոստովի հայկական համայնքում, արդեն մոտ երեք տարի` հետամուտ Սիլվա Կապուտիկյանի պատգամին, օտար ափերում ապրող հայ մանուկներին է փոխանցում մեր «հայոց լեզուն հազարագանձ», պատմում նրանց Հայի անցած ճանապարհի ու մշակութային սխրանքների մասին, որոնք նրանց հոգում հպարտություն են սերմանում: Չկա ազգային կյանքում որևէ նշանավոր իրադարձություն, որին չանդրադառնան Արժանապատիվ Տեր Տիրան քահանան ու երեցկինը: Դրա դրսևորումներից մեկը վերջերս Տեր Տիրան քահանա Ավագյանի օրհնությամբ և երեցկնոջ՝ Անուշ Գրիգորյանի նվիրական ջանքերով տեղի ունեցած միջոցառումն էր՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի և «Ամենայն Հայոց Բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:

-Գլոբալացվող աշխարհում մայրենի լեզվի պահպանումը ուսուցումն ու փոխանցումը պետք է դառնա առաջնային նպատակ,-սա է Ռուզաննա Կարապետյանի որդեգրած գաղափարը, որը կյանքի կոչելու համար ներդնում է բոլոր ջանքերը: 

Հայոց լեզուն և մշակույթը պահպանելու ձգտումով
…Ռուզաննա Կարապետյանի հետ մենք զրուցել ենք Դոնի Ռոստովի մեր հայրենակիցների հոգևոր-մշակութային կյանքի, հայապահպանության խնդիրների և արդի մարտահրավերների մասին, որի ընթացքում մենք փորձել ենք վեր հանել նաև գաղթօջախի պատմությանը վերաբերող ՝ ոչ բոլորին հայտնի էջեր:

-Դպրոցը, որտեղ աշխատում եմ ես, ունի հետաքրքիր ու հարուստ պատմություն,-ասում է Ռուզաննա Կարապետյանը: -Այն բացվել է 1882 թվականին՝ բարերար Մկրտիչ Գոգոյանի կողմից՝ իր երկհարկանի տանը: Սկզբում այն եղել է օրիորդաց դպրոց: Մահից առաջ նա կտակ է գրել, որ հայ մանուկներն անոթի են մնացել , և իր ժառանգությունը թողնում է հայ երեխաներին: Եվ ահա բացվում է դպրոցը, որի հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաև Ռաֆայել Պատկանյանը: Դպրոցը հետագայում անվանափոխվել է: Խորհրդանշական է, որ դպրոցից մի քանի քայլ այն կողմ գտնվում է Սմբատ Շահազիզի տունը, որը հայկական շունչ է հաղորդում միջավայրին: Իր գոյության սկզբից այստեղ հայոց լեզվի դասավանդումը եղել է պարտադիր պայման: Հիմա, ցավոք, այն անգլիական թեքումով է: Եվ ես՝ հայացք գցելով դպրոցի անցյալի պատմությանը, ուզում եմ կարևորել Ավետիք Իսահակայնի խոսքերը, ով, ամենևին էլ չանտեսելով բազում օտար լեզուների իմացությունը, հայ սերունդներին այսպիսի կարևոր պատգամ է տվել. «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն»: Այո՛, որքան էլ հայ մանուկը օտար լեզուներ սովորի, մեզ համար առաջնայինը պետք է նրան մայրենի լեզվուն փոխանցելը լինի:

 

-Հարգելի՛ Ռուզաննա, Ինչպե՞ս ընտրեցիք ուսուցչուհու դժվարին և պատասխանատու գործը:
-Մեր ընտանիքում մանկավարժներ չեն եղել: Պապիկիս եղբայրը բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Ղազարյանն է եղել: Իրենց տանը հաճախ են հյուրընկալվել Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Մարտիրոս Սարյանը…Մայրս մեծացել է մտավորականների միջավայրում: Ես պապիկիս կերպարը շատ լավ եմ հիշում: Նա մեզ դաստիարկում էր մեր մեծերով գիր ու գրականությամբ: Նշեմ նաև , որ հորաքույրս երկար տարիներ դասավանդել է Հայոց լեզու և գրականություն: Նրանց կերպարը ինձ համար դարձավ ուղենիշ՝ ընտրելու ուսուցչուհու անխոնջ, անձնվեր աշխատանքը:

-Ասում են՝ ուսուցիչ լինելը կոչում է, ոչ թե՝ մասնագիտություն…

-Միանշանակ: Մանկավարժությունը սիրել եմ դեռ մանկուց: Սիրել եմ գրել-ջնջելը: Եվ երբ արդեն ինքս ուսուցչուհի էի, հասկացա, որ մանկավարժ չեն դառնում , ծնվում են: Ես դա բացահայտել եմ մեր մեծերի , իմ դասախոսների ու ընտանիքի օրինակներով:
-Ի՞նչ խնդիրների եք բախվում՝ օտարության մեջ հայ երեխաների հայեցի կրթության հետ կապված:
-Սփյուռքի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը հայ ինքնության կորստի վտանգն է: Մեր ազգային ինքնությունը դարեր շարունակ խարսխված է եղել լեզվի, կրոնի, ազգային մշակույթի պահպանման ու տարածման վրա: Սփյուռքում հայ ինքնության պահպանության համար չափազանց կարևոր է մայրենիի իմացությունը և սրբազնորեն պահպանումն ու փոխանցումը ամեն հաջորդ սերնդին: Մեզ պետք է առաջնորդի այն գիտակցութնունը, որ լեզուն ազգի բյուրեղյա, պեղված արժեքն է՝ աստվածապարգև էությունը: Ի վերջո, Հայոց լեզուն հնագույն քաղաքակրթության լեզու է: Նրա խնամքով ու պահպանությամբ պետք է զբաղվենք ամենքս՝ աշխարհի որ անկյունում էլ լինենք: Եվ տեղին եմ համարում մտաբերել Պարույր Սևակի հանճարեղ բնորուշումը. «…Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության… Այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեր վրա»:

 

 

 

-Ռուսաստանը թեև ամենամեծ հայկական համայնքն ունեցող երկրներից է, սակայն ունենք հայ երեխաների՝ հայկական դպրոցներ հաճախելու մեծ խնդիր: Ձեր դիտարկումներով որո՞նք են դրա պատճառները: Ի՞նչ ուղիներ կան այս, հիրավի, ազգային նշանակության հարցը կարգավորելու համար:

-Այո՛, հիրավի, Ռուսաստանն ամենամեծ հայկական համայնք ունեցող երկրներից է, և մենք ունենք հայ երեխաների հայկական դպրոց հաճախելու մեծ խնդիր: Այստեղ մայրենի լեզվի հարցն օրակագային է. հայերի մեծամասնությունը չի տիրապետում կամ էլ մասամբ է տիրապետում հայերենին: Մերօրյա պայմաններում, անշուշտ, սույն խնդիրն ունի հոգեբանական, լեզվաբանական, մշակութային հաղորդակցման և նմանատիպ այլ դրսևորումներ: Չնայած՝ դարեր ի վեր պայքարած ազգը, անցնելով բազում փորձությունների միջով, մեզ է ավանդել մայրենի լեզվի լույսը, որը դարձել է վահան ու հովանի՝ իր զորությամբ մաքառել, հասել է բարձունքի:
Տեղին է հիշել պատմաբան Լեոյի խոսքերն այս առթիվ. «Մեր ամբողջ պատմութեան ընթացքին սա առաջին մեծ դէպքն է, երբ հայ ժողովուրդը ճշմարիտ, նշանավոր յաղթանակ մը տարաւ: Նոյնիսկ եթէ Տիգրանները աւելի սովորական երեւոյթ ըլլային մեր պատմութեան մեջ, դարձեալ անոնց յաղթանակները կարող չէին համեմատուիլ այս համեստ վարդապետի գործի հետ: Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ»:Եվ սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն:

 

-Վերը նշված իրողություններն առկա են Սփյուռքի մյուս գաղթօջախներում ևս: Մինչդեռ մեր պատմությունից գիտենք, որ Լեզուն, Մշակույթը ազգի գոյության ցուցիչներն են: Այսօրվա գլոբալացվող, հոգևոր մարտահրավերներով լի աշխարհում ինչպիսի՞ գաղափարներ ու ծրագրեր են հարկավոր ներդնել՝ մեր աշխարհասփյուռ ազգի սերնդին իր արմատին ու Հայրենիքին կապելու համար:

-Գլոբալացվող աշխարհում մայրենի լեզվի կիրառումը և ուսուցումը պետք է դառնա առաջնային նպատակ, քանզի ձուլման վտանգը սպառնում է արդեն մեր ինքնությանը: Հայ ազգային ինքնության պահպանումը, սերունդներին հայեցի կրթելու, դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը, հայ ազգի հոգեկերտվածքի բաղկացուցիչ մասն է: Այսօր ուծացումն անհանգստացնող երևույթ է մեզ համար: Դարեր շարունակ Հայ Առաքելական եկեղեցին ջանացել է օտար հողում հայկական կրթօջախները պահելու համար: Եվ որպեսզի Հայրենիք-Սփյուռք կապը լինի անքակտելի, պետք է պետական մակարդակով կազմվեն հրատապ ծրագրեր, ամրապնդվի լեզվական, մշակութային, միասնությունը, ավանդույթների կարևորությունը: Յուրաքանչյուր միջավայր և ժամանակաշրջան ինքն է թելադրում սկզբունքները և սերնդին հայեցի կրթելու մեթոդները:


-Ուզում եմ հիշենք աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանի խոսքերը. «Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա հայոց լեզվին տիրապետելը»: Հոգևոր զարգացման ի՞նչ ճանապարհ պետք է անցնի Սփյուռքում մեծացող հայ երեխան այս գիտակցությանը հասնելու համար: Եվ ո՞րը պետք է լինի յուրաքանչյուրիս անելիքը :

-Եվ դրանով ամեն ինչ ասված է: Աշխարհառչակ աստղաֆիզիկոսը սերունդերին է կտակում Հայոց լեզուն, որն ամենաթանկն է…
-Կանգ առնենք Մեծն Կոմիտասի հետևյալ խոսքերի վրա. «Ուսուցիչ պարոններ ու քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը»։ 21-րդ դարում ինչպիսի՞ պատասխանատվությամբ պետք է վերաբերվի հայ ուսուցիչն իրեն վերապահված այդ սրբազան առաքելությանը՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում:

Անշուշտ, դպրոցն ընտանիքի և հասարակության միջև անքակտելի կապ ստեղծողն է: Մանկավարժի աշխատանքը սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ անձի ձևավորման և զագացման օրինաչափությունների , ուսուցման և դաստիարակության ձևերի մեթոդների և բովանդակության մասին գիտություն է: Երեխային կրթելու անընդմեջ գործընթացը, գիտելիքների հաղորդումը և յուրացումը պետք է լինի նրա ներաշխարհը թափանցելու միջոցով:
Կոմիտասի հետ կապված մի հուզիչ պատմություն կա. նա էլ մանուկ հասկաում հայերեն չգիտեր, բայց նա աշխարհ էր եկել որպես հայ երգի մոգ, ինչպես Պ. Սևակն է ասում՝ «Հայ երգի Մեսրոպ Մաշտոց»: Ես իմ աշակերտներին միշտ պատմում եմ Կոմիտասի հետ կապված մի հուզիչ պատմություն, որը մեզ է փոխանցել ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը: Եվ ուզում եմ այդ պատմությունը զետեղել այստեղ.
«Նա Քյոթահիացի (Կուտիա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ ևորգ կաթողիկոսին: Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»:
– Դու հայերեն չգիտե՞ս,– ասում է նրան կաթողիկոսը,– ես քեզ հետ ի՞նչ անեմ:
Եվ նա թուքերենով պատասխանում է.
-Հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի:
Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է.
–Դու որևէ եղանակ երգել գիտե՞ս:
Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել …նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք ճեմարանի աշակերտ գրեցեք»:
Սա ևս մի վկայությունն է այն բանի, որ մենք մեր սերունդներին պետք է հայ կրթենք, մեր մեծերի օրինակով:
Որպես ուսուցչուհի՝ միշտ մտածել եմ. երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ոչնչացրեցին նախ մտավորականությանը, այսինքն՝ ազգի մշակույթը վերարտադրող ու պահպանող ուժին: Ցեղասպանի թիրախը մեր ազգին գաղափարական առաջնորդից զրկելն էր: Բայց մենք դեռ կանք ու պետք է պահենք մեր մշակույթը, որ մշակույթն էլ մեզ շարունակի պահել-պահպանել: Սա օրվա հրամայական է:
-Հայոց լեզվի Այբուբենի զորության մասին տարբեր ազգերի գիտնականներ են խոսել: Նույնիսկ փաստեր կան, որ ռուս տիեզերագնացներն իրենց հետ հաճախ Հայոց լեզվի Այբուբենի պատկերն են տարել՝ իմանալով նրա տիեզերական ուժի և աստվածապարգև լինելու մասին: Իսկ ամենակարևորն այն է, որ մեր Այբուբենն իր մեջ աղոթք է պարունակում: Համաձա՞յն եք արդյոք, որ այսպիսի մոռացված գիտելիքներն ու փաստերը հայ երեխային փոխանցելով՝ մենք մեր ազգն ավելի ուժեղ ու անպարտելի կդարձնենք:

 

-Այո…Լիովին համամիտ եմ: Պատահական չէ , որ իմ դասասենյակի մի անկյունում տեղադրել եմ «Տերունական աղոթքը», մյուս կողմում՝ «Մաշտոցյան աղոթքը» : Ես չեմ դադարում իմ սաների հետ խոսել Հայոց Այբուբենի հետ կապված գիտական պատմությունների, նրա զորության մասին, թե ինչպես Մեսրոպ Մաշտոցը մեր գրերը ստեղծեց աստվածային տեսիլքով: Ներկայացնում եմ մեր մշակույթը պատմական զուգահեռների մեջ. ներկայացնում եմ, թե ինչպես է, օրինակ անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը Մխիթարյան միաբանություն այցելելուց և հայկական քաղաքակրթությունը բացահայտելուց հետո ասել հետևյալ խոսքերը. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսել աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզու է… Եվ Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են»:
Եվ նման զուգահեռները երեխաների մեջ, հիրավի, մեծ հետաքրքրություն են առաջացնում դեպի սեփական պատմությունն ու մշակույթը: Ինձ համար նշանակություն չունի՝ երեխան հայախո՞ս է, թե՝ ոչ: Նշանակություն չունի նաև՝ նա զտարյուն հա՞յ է, թե խառն ամուսնության ընտանիքում ծնված: Ինձ համար կարևորը նրա հոգին տանող ճանապարհը գտնելն ու մեր պատմությունը, լեզուն, արժեքները հաղորդելն է: Եվ դարձյալ ուզում եմ հիշենք հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին, ում խոսքերը, իսկապես կտակ են սերունդերն. «…Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու»:


-Հիշենք նաև Անտուան Մեյեի խոսքը. «Հայոց Այբուբենը մի գլուխգործոց է, որ պահպանվում է մինչև այսօր առանց փոփոխություն կրելու: Այդ լեզվի ճկունությունն ու ճոխությունը ուժ են եղել այդ ժողովրդի համար»: Ինչպե՞ս է Ձեզ ժամանակի հեռավորությունից ներկայանում ֆրանսիացի հայագետի այս բնորոշումը:

-Դրանք առավել մեծ կարևորություն են ստանում հատկապես օտար ափերում: Եվ ես միշտ մեկնակետ եմ վերցնում Շահան Շահնուրի «Նահանջն առանց երգի» ստեղծագործությունը, որը մեծ գաղափարի խտացում է. պե՛տք է պահպանել լեզուն: Եթե մենք՝ հայերս, չկարողնանք պահել ու արժևորել մեր լեզուն, սերունդներն անգամ առ Աստված ուղղված աղոթքը կարտաբերեն օտար լեզվով: Շատ դեպքերում դա արդեն իսկ տխուր իրականություն է: Եվ չպետք է թույլ տանք, որ իրականանան գրողի տագնապալի կանխատեսումները. «Իսկ մենք կը վճարենք իբրև վերջին փրկագին այն, որ պիտի գա: Իբրև վերջին փրկագին ` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար բանիվ և գործով... »:

-Ինչպիսի՞ն է Հայաստան- Հայրենիքի այն կերպարը, որ Դուք որպես մանկավարժ ունեք Ձեր մտապատկերում: Կխոսե՞ք Ձեր երազանքի ու ծրագրերի մասին:

-Իմ երազանքների Հայաստանի պատկերը վրձնել են մեր գրողներն ու բանաստեղծները: Մեր մեծերը մեզ շատ պատգամներ են թողել՝ Մուշեղ Իշխան, Հովհաննես Շիրազ, Համո Սահյան…Նրանց, ինչպես նաև ավելի վաղ ժամանակներում ապրած մեր մյուս մեծերի ստեղծագործական ժառանգության մեջ անթեղված վեհ գաղափարները մեկտեղելով ու հանրագումարի բերելով՝ պետք է կարողանանք կառուցել մեր երազած ուժեղ ու հզոր Հայաստանը, որի դեմ անզոր կլինեն նաև երրորդ հազարամյակի հողմերը: Որպես հայրենիքից դուրս ապրող ուսուցչուհի՝ ինձ համար շատ կարևոր խորհուրդ ունեն Մուշեղ Իշխանի՝ «Հայ լեզուն տունն է հայուն» բանաստեղծության այս տողերը.
Մշտանորոգ ու միշտ հին՝ ան կը տեւէ դարէ դար,
Իր ճրագները՝ միշտ լոյս, իր օճախին հուրը՝ վա՛ռ,
Բարիքներով անսպառ լեցուն ամբարն ու մառան։
Հո՛ն է միայն, որ կրնայ գտնել ամէն հայ կրկին
Խաժամուժին մէջ օտար կորսնցուցած իր հոգին,
Անցեալն անհուն եւ ներկան, նոյն իսկ մթի՜ն ապագան…
-Կյանքի 22 գարուն ապրած և հայ գրականության մեջ անգնահատելի գանձեր թողած Միսաք Մեծարենցն իր փոքր տարիքում արդեն հանգել էր մի մեծ գաղափարի՝ ասելով. «Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռութի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչու՞ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ ուրիշի հետևեն վազենք»: Որպես ուսուցչուհի՝ ո՞րն է Ձեր պատգամը հայ մանուկներին:
-Ճանաչե՛նք ու գնահատե՛նք մեր Հայրենիքը, մեր քաղաքակրթությունը: Դա այն ամուր հողն է մեր ոտքերի տակ, որն անսասան է պահելու մեզ գալիք դարերում: Միանգամայն ճշմարիտ է պատմական ավանդազրույցը. պարսից Շապուհ արքան, չկարողանալավ հնազանդեցնել Հայաստանն իրեն, հրավիրում է Արշակ արքային ու սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա Հայաստանից բերել է տալիս հող և ջուր, հրամայում դրանք շաղ տալ խորանի հատակի մի հատվածի վրա: Այնուհետև զրուցում են իրենց երկրների հարաբերությունների մասին. պարսից հողի վրա Արշակ արքան զղջումի և ափսոսանքի խոսքեր է ասում, իսկ երբ ոտք է դնում Հայոց հողի վրա ,դառնում է ուժեղ ու համարձակ՝ խոստանալով վերադառնալուն պես պատժել իր երկրի անդորրը խաթարող թշնամի թագավորին: Իսկ օտար հողում մեզ ուժ տվողը, այդ ամուր հողը Հայրենիքն ու հայ մշակույթն են…
Առիթից օգտվելով՝ ես և «Մայրենիի դեսպանները» ուզում ենք շնորհավորել մեր ընթերցողներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթանքս է, որ մենք՝ որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ստեղծած ազգ, կարողանանք մեր հարուստ անցյալից վերցնել իմաստություն և մեր մեծերի պատգամներով ու գաղափարներով առաջնորդվելով՝ կերտենք մեր նախնիների երազած Հայաստանը, որը կլինի ազգային արժեքների վրա խարսխված, բայց նաև արդի աշխարհի դրական ձեռքբերումներն իր ուրույն մոտեցումներով կյանքի կոչող հզոր ու ինքնաբավ երկիր: Բարին ընդ Ձեզ:

(Լուսանկարներում Հայկական դասարանի սաներն են)

 

Հասմիկ Պողոսյան

 

 

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan