Ստամբուլի քաղաքապետը Դինքի սպանության տարելիցի օրը ցավակցական գրառում է արել
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը ցավակցական գրառում է արել: Գրում է Ermenihaber-ը:
«Twitter» միկրոբլոգի իր էջում արած գրառման մեջ քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունից ընտրված քաղաքապետը մասնավորապես նշել է. «Հրանտ Դինքը մի մարդ էր, ում սրտում ու խոսքում խաղաղություն կար: Նա լրագրող էր, որը սիրում էր ուսումնասիրություններ անել: Մեզանից հեռացավ մեր պատմության ու երկրի համար շատ ցավալի ձևով: Ամեն անգամ նրա անունը լսելիս այդ ցավը կրկին զգում ենք: Նրան հարգանքով եմ հիշում, թող հոգին լույս դառնա»:
Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան մուտքի մոտ Օգյուն Սամաստի արձակած հրազենային կրակոցից: