Ստորագրվել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան»
Ճապոնիայի Կումամոտո քաղաքում ստորագրվել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կոնվենցիան ստորագրել է 91 երկիր եւ Եվրամիությունը: Հայաստանի կողմից Կոնվենցիան ստորագրել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ուժի մեջ կմտնի 50 երկրների կողմից վավերացվելու դեպքում: Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի եւ սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից եւ արտազատունմներից: Դրանով նախատեսվում են ֆինանսական մեխանիզմներ` կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով կոնվենցիային միացած զարգացող եւ անցումային տնտեսություն ունեցող երկրներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
