Սուրիկ Խաչատրյանի ազգականները դիմել են Վճռաբեկ. դժգոհ են Վերաքննիչի որոշումից
Խաչատրյանի ազգականներն ու մտերիմները պահանջում են բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը: Նշենք, որ Վերաքննիչն արդեն իսկ մասնակի փոփոխել է նախկին մարզպետի եղբայր Սեյրան (Աղալար) Խաչատրյանի եւ մտերիմ Շահում Դավթյանի նկատմամբ առաջին ատյանի կայացրած վճիռները: Վերաքննիչը որոշել է եւ Խաչատրյանի, եւ Դավթյանի դեպքում նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Մյուսների մասով վճիռը մնացել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչված տեղում 2015թ. մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի էր ունեցել վիճաբանություն: 2016թ. սեպտեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` նախկին մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանն ու Շահում Դավթյանը դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, եւ Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա, մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա: Ի դեպ, գործով դատախազն ավելի խիստ պատիժ էր պահանջել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, Սեյրան, Էյներ եւ Մայիս Խաչատրյանները 2015թ. մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին եւ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս:
Այս գործով կալանավորված էր նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդին, որը սակայն 2015թ. հոկտեմբերի 1-ին ազատ է արձակվել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
