Սուրիկ Խաչատրյանի որդու ճակատագիրը վճռվեց
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Հաշվի առնելով քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունը` քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կշարունակվի տեղեկությունների պարբերաբար տրամադրումը: