Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը մերժվել է
Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: «Փաստինֆո»-ին այս մասին տեղեկացրել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Պաշտպանական կողմը միջնորդել էր վերացնել ընտրված խափանման միջոց կալանավորումը, միաժամանակ միջնորդել գրավ կիրառել: Խաչատրյանների ընտանիքը պատրաստ էր 5 միլիոն դրամ գումար տալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու համար։ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ: Իսկ վիճաբանությունը տեղի էր ունեցել մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մուշեղ Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանին` ծանր մարմնական վնաս: